Երեխաների հետ շփման մասին

Երեխաների հետ շփման մասին


Կակտուսը, որպես բույս, աճում է բավականին անբարենպաստ պայմաններում:

Տվյալ պայմաններում մշտապես տաք է, մշտապես ջրի պակասություն կա, մշտապես որևէ կենդանի կարող է ուտել, այսինքն իրավիճակը խիստ անբարենպաստ է գոյատևման համար:

Որպեսզի կակտուսը գոյատևի, այն պետք է հարմարվի միջավայրին:

Կակտուսը տերևների փոխարեն ձևավորում է փշեր, ինչը և՛ պաշտպանական գործառույթ է իրականացնում, և՛ խնայում է եղած ջրի չնչին քանակությունը:

Կակտուսը հիմնականում արտաքինից գեղեցիկ չէ․ այն միագույն է, փշոտ է, միաձև է:

Այն երբեմն տալիս է շատ գեղեցիկ ծաղիկներ, բայց դա հաճախ չի լինում ու բարենպաստ միջավայր է պետք:

Հիմա ինձ կհարցնեք, թե ինչ կապ ունի կակտուսը երեխաների հետ շփման հոգեբանության հետ:

Շատ ուղիղ ու ակնառու:

Երբ մենք մեր երեխայի հետ ընկերություն չենք անում, նրան քննադատում ենք, բարձր պահանջներ ենք ներկայացնում, քիչ ենք գրկում ու ջերմություն տալիս, հաճախակի պարտավորեցնում ու նրա վրա զայրանում ենք, այդ ժամանակ մենք նրան տալիս ենք այն նույն չոր, անջուր, վտանգավոր միջավայրը, որում աճում է կակտուսը:

Արդյունքում երեխան մեծանում է անտարբեր, խեղճ, երբեմն ագրեսիվ ու անղեկավարելի, հիմնականում լի բացասական հույզերով, այսինքն մեծանում է կակտուսի պես փշոտ ու էգոիստ:

Երեխան ծնվե՞լ էր կակտուսի պես։ Իհարկե ոչ․մենք ենք նրան այդպիսի դարձրել, ու որպեսզի նա գոյատևի, ստիպված ձեռք է բերել ադապտացման մարտավարություններ:

Բայց նա միշտ ունի իր մեջ այն գեղեցիկ ծաղիկը, որը բարենպաստ իրավիճակում կարող է ցույց տալ:

❤️ Եթե չգիտեք,թե ինչպես շփվել Ձեր երեխաների հետ, պարզապես սիրեք նրանց ու սովորեք նրանցից:

Գրիգորի Բադալյան

Հեղ.՝ Գրիգորի Բադալյան

Հրապարակվել է ՝ 06 Հունվ 2023