ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ԼԵԶՈՒՆ

ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ԼԵԶՈՒՆ

🔥 ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ԼԵԶՈՒՆ

 
Ո՞րն է անգիտակցականի լեզուն

Հիմնականում պոպուլյար գրականության կամ մոտեցումների մեջ կգտնեք, որ անգիտակցականի լեզուն վիզուալ, աուդիալ ու կինեստետիկ նշաններն են։

Այդ իսկ պատճառով ասում են, եթե ցանկանում ես որևէ բան իրականանա, ապա դա հաճախակի պատկերացրու, լսի այդպիսի խոսքեր, քեզ զգա այդ վիճակում ու անգիտակցականդ այն կիրականացնի։

Այս ամենի մեջ կա որոշակի իրականություն, բայց սա միայն ու միայն լրացնող միջոց է ու այն չի իրականանա, եթե գլխավոր միջոցները չկիրառվեն։

Անգիտակցությունը սնվում և գործում է ինֆորմացիայով, այն ինֆորմացիայով, որին «հավատում» է։ Պարզապես պատկերացնել ցանկալի պատկերը կամ փորձել այն հաճախակի լսել, որպեսզի անգիտակցականի համար այն դառնա ինֆորմացիա, բավարար չէ կամ չի ստացվի։
 
👉 Մանկությունում այդ ինֆորմացիան, որը մեզ փոխանցվում է հասարակության ու մասնավորապես ընտանիքի անդամների միջոցով, յուրացվում է ու դառնում է բազային ծրագիր այն պատճառով, քանի որ գիտակցություն դեռ չկա ու անձը ձևավորևված չէ։
 
Հասուն տարիքում այն կա, այդ իսկ պատճառով արդեն ձևավորված անգիտակցությունը վերաձևակերպելը հեշտ չէ ու պահանջում է համակարգային գործողություններ։

Ինչու՞ է սովորաբար մեզ հասնու՛մ այն տարբերակը, որ վիզուալիզացրու, մտածի այդ մասին ու դա կդառնա և այլն։ Բանն այն է, որ այդպիսի մոտեցումը հեշտ է, ռոմանտիկ է, շատերի համար հասանելի ու ցանկալի է և այն հեշտ է վաճառվում։
 
Դա հիմնականում կհանդիպեք քոուչինգային և ՆԼԾ-ի մակերեսային մոտեցումների մեջ, որտեղ ձգտում են արագ լուծման ու խուսափում են սիստեմատիկ աշխատանքից։

Անգիտակցականը, լինի թե՛ մանկությունում, թե՛ հասուն կյանքում, ծրագրավորվում կամ վերածրագրավորվում է նույն միջոցներով, պարզապես մանկությունում այլոց միջոցով, իսկ հասուն կյանքում ՝ մեր միջոցով։
 
Եվ այսպես, անգիտակցականը գործում է խորքային ծրագրով, այսինքն այն ինֆորմացիայով, որին «հավատում» է, ընդունում է։ Այդ ինֆորմացիային «հավատալու» համար կա՛մ պետք է համակարգային ազդեցություն հոգեկանի վրա կա՛մ թեկուզ էպիզոդիկ, բայց շատ ուժգին։
 
👇 Անգիտակցության լեզուն 3-ն է․

1․ միտքը,
2․ վարքը,
3․ հույզը։

Որպեսզի անգիտակցականը ընդունի որևէ ինֆորմացիա ու սարքի իրենը, դրա համար պետք է բոլոր 3 նշվածները։
 
Օրինակ՝ որևէ իրավիճակում ես սխալվեցի, հասկացա, որ սխալվեցի ու անցա առաջ։ Միևնույն ժամանակ ես չտխրեցի, վարքս չշարունակեց պատկանել սխալվողի վարքին, օրինակ՝ ընկճվել, ոչինչ չանել և այլն։

Այս դեպքում ոչ մի փոփոխություն համոզմունքում, այսինքն անգիտակցականի բազային համակարգում տեղի չի ունենում։
 
Բայց բավական է, որ այդ մտքի դեպքում, որ «ես սխալվեցի», ես տխրեմ, հետագա վարքս սկսի համապատասխանի այդ մտքին ու դա լինի մի քանի անգամ, ապա անգիտակցականումս կգրվի ծրագիր, որ ես սխալվող եմ, դրա հետ կունենամ ոչ ռեսուրսային վիճակ (տխրությունն ու վարքը)։

Հետևաբար, որպեսզի Ձեր մեջ բնավորության, համոզմունքային, վերաբերմունքի ու արդյունքում վարքային փոփոխություն տեղի ունենա, դուք պետք է ձեզ համար դրական վարքաձևեր իրականացնեք, այդ ժամանակ միտք ունենաք դրան ուղղված, օրինակ՝ ես կարողանում եմ անել կամ ինձ մոտ ստացվում է ու արդյունքում դրական հույզ ապրել, որպես ամրապնդող գործոն ու դա լինի բազմաթիվ անգամներ։
 
Միայն այդ դեպքում նեյրոնային կապերում այդ ծրագիրը կամրապնդվի, որն էլ բազային կդառնա անգիտակցականի համար։ Ու որքան դա հաճախակի լինի, այսինքն պարբերաբար, այդքան մեծ է հավանականությունը, որ այն ներքին կայուն ռեսուրս կդառնա։
 
☝️ Հետևություն․ որպեսզի Ձեր մեջ տեղի ունենա ցանկալի փոփոխություն ու այն լինի մշտական, Դուք պիտի․

 
1․ բացահայտեք ու հրաժարվեք նախկին անարդյունավետ խորքային համոզմունքներից
2․ ցանկալի ու արդյունավետ վարքաձև իրականացնեք
3․ դրա հետ կապված այդ պահին միտք ձևավորեք
4․ դրական ուժգին հույզ ապրեք
5․ այս ամենը կատարել պարբերաբար ու համակարգային
 
Մեծ հաշվով միայն այս ֆոռմուլայով անհրաժեշտ ցանկալի փոփոխությունը տեղի կունենա։

Իսկ վիզուալիզացնելը կամ մոտիվացիոն խոսքեր լսելը կաջակցեն այդ գործընթացին, բայց ոչ մի դեպքում չեն փոխարինի։

Մնացածը տեսանյութում։

 

 
 

 
Գրիգորի Բադալյան

Հեղ.՝ Գրիգորի Բադալյան

Հրապարակվել է ՝ 30 Նոյ -0001